2021 թ. սեպտեմբերի 16-18 տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Հայագիտական ուսմանց ընկերակցության կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը: Գիտաժողովի առաջին օրը անցկացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, երկրորդ և երրորդ օրը՝ Գիտությունների ազգային ակադեմիայում:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը.
«Գրեթե մեկ տարի առաջ սկսվեց Արցախյան երկրորդ կամ 44-օրյա պատերազմը։ Այն գոյութենական վտանգի առջև կանգնեցրեց արցախահայությանը, հարցականի տակ էր Արցախի պետականությունն ընդհանրապես։ Պատերազմի ընթացքում թե Հայաստանի և թե Արցախի ղեկավարների պաշտոնական հայտարարություններում անընդհատ համեմատություններ էին բերվում Հայոց ցեղասպանության հետ։ Նման մտավախություններ էին հնչում նաև շարքային քաղաքացիների խոսքուզրույցում, մարդիկ անընդհատ համեմատություններ էին բերում նաև 1920 թ. թուրք-հայկական պատերազմի, ապա և 1921 թվականի բախտորոշ պայմանագրերի հետ։ Ինչևէ, այսօր ունենք այն, ինչ ունենք։ Վստահ եմ, որ տարածքային կորուստները ժամանակավոր են և շատ դեպքերում միայն մեզնից է կախված ստեղծված բարդ հարցերի հայանպաստ լուծումը»:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, տեսակապով իր ողջույնի խոսքը փոխանցեց ԱՄՆ Նեբրասկայի համալսարանի Լինքոլնի մասնաճյուղի դասախոս, «Հայագիտական ուսմանց ընկերակցության» նախագահ Պետրոս Տեր Մաթոսեանը:
Գիտաժողովի առաջին օրը տեղի ունեցավ նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Հայաստանի ազգային արխիվի համատեղ կազմակերպած
«Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Նույն օրը գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:
Գիտաժողովին մասնակցեցին հետազոտողներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ ԱՄՆ-ից, Հունաստանից, Արգենտինայից, Իսրայելից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Լիբանանից և Մեծ Բրիտանիայից: Եռօրյա գիտաժողովն ունեցավ 11 նստաշրջան, որի ընթացքում ներկայացվեց 47 գիտական զեկույց: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ ներկայացրին ՀՑԹԻ 12 գիտաշխատողներ։
Եռօրյա գիտաժողովի ընթացքում անցկացվեցին երկու այսպես կոչված «կլոր սեղաններ», որոնց ժամանակ ավելի նեղ մասնագիտական միջավայրում քննարկվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման գործընթացը, դրա ընթացքում տեղ գտած ձեռքբերումները, խնդիրները, սպասելիքները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց վերջին արցախյան պատերազմի ժամանակ ցեղասպանական քաղաքականության դրսևորումներին։