18.10.2014
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Շնորհանդեսին հաջորդեց «Դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի թեմաների դասավանդման խնդիրները» խորագրով գիտա-գործնական սեմինարը, որի ընթացքում դասախոսություններով հանդես եկան ուսումնական ձեռնարկի համահեղինակներ Իլյա Ալտմանը (Հոլոքոստի կենտրոնի համանախագահ, ուսումնական ձեռնարկի համահեղինակ), Ալլա Հերբերը (Հոլոքոստի հիմնադրամի տնօրեն, առաջին գումարման ՌԴ Պետդումայի անդամ), ինչպես նաև Հայկ Դեմոյանը (ՀՑԹԻ տնօրեն), Սուրեն Մանուկյանը (ՀՑԹԻ փոխտնօրեն), Հարություն Մարությանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող), ռուս ուսուցիչներ Տատյանա Պասման (Կրթության ոլորտի աշխատակիցների որակավորման բարձրացման Պսկովի համալսարանի մեթոդիստ), Նատալյա Անիսիսնան (Հրեական ժառանգության և Հոլոքոստի թանգարանի ավագ ֆոնդապահ, Մոսկվա), Օլգա Գորսկիխը (Տոմսկի կառավարման համակարգերի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ):
Քննարկվեցին Հոլոքոստի մասին հայկական դպրոցական դասագրքերում տրվող տեղեկության, Հոլոքոստի պատմության էթնոմշակութային կրթական նշանակության հիմնահարցեր, Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի նմանությունները և տարբերությունները:
Գիտա-գործնական սեմինարին ներկա գտնվեցին 2014թ. հուլիսի 30-31-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացված ««Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և ՀՑԹԻ-ի ՀՀ նախագահի կողմից տրված դրամաշնորհի շրջանակներում կազմակերպած «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով երկօրյա ամառային դպրոցին մասնակցած ուսուցիչները: Սեմինարի կլոր-սեղան քննարկման ընթացքում տեղի ունեցավ մասնակիցների Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի դասավանդման փորձի փոխանակում: