ՆՈՐ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱՊԱՀԱՐԱՆՆԵՐ ՀՑԹԻ-ԻՆ
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը
ամփոփող գրականությունը գտնվում է առավել ապահով պայմաններում
ՀՑԹԻ տնօրեն պրն Մարությանը
Հրաչյա Պողոսյանին պարգևատրել է
«Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով
Ռուսաստանաբնակ հայ հասարակական գործիչ, բարերար, շինարար-կառուցապատող Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխվեցին թանկարժեք, հարմարավետ ու արդիական մետաղյա, շարժական գրապահոցներ:
Հատուկ ռելսերի վրա հավաքված մետաղյա դարակ-պահոցներն այսօր արդեն իրականություն են: Մի քանի օր շարունակ ՌԴ-ից ժամանած տեխնոլոգները հավաքում էին մետաղյա «հսկային», այնուհետև ՀՑԹԻ արխիվի աշխատակիցները խնամքով վերադասավորեցին ֆոնդային միավորները:
«Մետաղյա գրապահարանները հարմարավետ են, ֆունկցիոնալ և տարողունակ, որի շնորհիվ հնարավոր է դարձել ամբողջությամբ տեղավորել ՀՑԹԻ հիմնադրամի գիտական մեծածավալ գրականությունը: Բացի այդ, ժամանակակից պահարանները լավագույնս ապահովում են գրքերի պահպանությունը: Հայտնում ենք երախտագիտություն ինչպես նվիրատուին, այնպես էլ ռուս գործընկերներին, որ ժամանեցին Հայաստան ու կազմակերպեցին պահարանների մոնտաժման աշխատանքները», - նշում է ՀՑԹԻ գիտական գրադարանի բաժնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Բրուտյանը:
Մեր հայրենակից, պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի համար, ում պատրաստակամության ու օպերատիվ արձագանքի շնորհիվ ՀՑԹԻ ունեցավ այս խիստ կարևոր ու նաև թանկարժեք նվիրատվությունը, բարեգործությունը նորություն չէ: Նա բազմաթիվ ինչպես մշակութային, այնպես էլ սոցիալական տարբեր շերտեր ընդգրկող նախաձեռնությունների հեղինակ ու մեկենաս է: Ապրելով օտարության մեջ՝ պարոն Պողոսյանը ամուր կապերով կապված է իր հայրենիքին, նրա առօրեական հոգսերին, կարիքներին՝ կառուցելով Ռուսաստանի Դաշնություն – Հայաստանի Հանրապետություն սեփական կամուրջը:
«Իմ հասարակական գործունեության համար մի շարք ուղղություններ եմ կարևորում՝ մի կողմից աշխատատեղերի բացում, մյուս կողմից հայապահպան միջոցառումների կազմակերպում: Բոլոր գործողություններս բխում են այս երկուսի համադրմանն ու փոխլրացմանն ուղղված ջանքերին:
Կլինի եկեղեցու կառուցում, օծում, խաչքարի կամ հուշարձանի բացում, թե կրթօջախների վերանորոգում, տեխնիկական վերազինում՝ նպատակս մեկն է՝ իմ հնարավորությունների սահմաններում թողնել մնայուն արժեքներ:
Շատ եմ կարևորում նաև հայ ժողովրդի փառավոր էջերի հանրահռչակումը՝ մշակույթի, սպորտի և այլ բնագավառներում»,- նշում է պարոն Պողոսյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ կապն ու համագործակցությունը նույնպես պատահական չէ: Հրաչյա Պողոսյանի պապը՝ Պողոս Պողոսյանը Արևելյան Հայաստան է գաղթել Արևմտյան Հայաստանի Բիթլիսի շրջանի Կարկառի Որիզ գյուղից: Հայոց ցեղասպանությունը վերապրած պապն ու նրա թողած ձեռագիր հուշերը, որի յուրաքանչյուր տողն ամփոփում է կորցրած հայրենիքի ափսոսանքն ու ապրած օրերի դառնությունը, դարձել են պատգամ Հրաչյա Պողոսյանի համար՝ ապրել ազնիվ, գործել ի բարօրություն հայրենիքի ու հայության, պահպանել ու փոխանցել ընտանեկան ավանդույթներն ու ամուր կապերը:
Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված պապը վերաբնակվել է Աշտարակի Ագարակ գյուղում: Ագարակցիներն առհասարակ Արևմտյան Հայաստանից գաղթածների, ցեղասպանությունը վերապրողների ժառանգներ են: Մի քանի տարի առաջ Հրաչյա Պողոսյանի միջոցներով Սանկտ Պետերբուրգում պատրաստվել էր և Ագարակում տեղադրվեց Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների խճանկարային սրբապատկերը՝ հատուկ պատվանդանի վրա։ Պարոն Պողոսյանը մեծ ցանկություն ունի մոտ ապագայում պատվիրելու և Երևան բերելու մեկ այլ նման հուշարձան՝ Ցեղասպանության հուշահամալիրի հարակից տարածքում տեղադրելու համար։
«Խճանկարային սրբապատկերի տեղադրման առաջարկով եմ ծանոթացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ: Հանդիպումների ժամանակ էլ եղել է շարժական գրապահոց տեղադրելու առաջարկը: Ես բնականաբար արագ արձագանք ու ընթացք եմ տվել: Այսօր գոհ են և՛ ՀՑԹԻ աշխատակիցները, և՛ ես: Կարծում եմ՝ բիթլիսցի պապս նույնպես»,- ասում է Հրաչյա Պողոսյանը:
Պարոն Պողոսյանն անձամբ է եկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել կատարված աշխատանքի հետ: Այցի ընթացքում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Հրաչյա Պողոսյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությանը ցուցաբերած աջակցության ու կատարած նվիրատվության համար պարգևատրել է
«Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով:
Այցի ընթացքում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն ու պարոն Պողոսյանը այցելեցին նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Այսպիսով, ՀՑԹԻ հարուստ գրադարանը՝ շուրջ 38 հազար անուն գրականությունը դասակարգվել է ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան ֆունկցիոնալ դարակներում:
ՀՑԹԻ գրադարանը տարիներ շարունակ համալրվել է սկզբնաղբյուրային բացառիկ նշանակություն ունեցող նմուշներով, ինչպես նաև ցեղասպանագիտական ու հայագիտական արժեքավոր հրատարակություններով՝ դառնալով Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն և մրցունակ կենտրոններից մեկ:
Այսօր արդեն ընթերցասրահը կսպասարկվի առավել արագ և արդյունավետ:
Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ