18.10.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով պաշտոնական այցով ՀՀ ժամանած Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԿԳՍՄ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին պարոն Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: