18.11.2022
Ս. թ. նոյեմբերի 15-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում բուհի պատմության թանգարանի նախասրահում տեղի ունեցավ «Օսմանյան կայսրության հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով շրջիկ ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, ցուցադրության հեղինակ, ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողները, ՀՑԹԻ աշխատակիցները:
Միջոցառումը բացեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, որը, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշեց. «Լինելով ապագա մանկավարժներ՝ պետք է գիտակցեք, որ գիտելիք սերտելուց բացի, լուծում եք նաև քաղաքացու ինքնության ձևավորման խնդիր։ Պետք է պատրաստ լինեք գիտակցաբար վերլուծել և հետագայում փոխանցել կրթական այն ժառանգությունը, որը հայ ժողովուրդն իր պատմական զարգացման ընթացքում ունեցել է»։
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ հայ ժողովուրդը ստեղծել է հարուստ մշակույթ մի երկրում, որտեղ անընդհատ ջանացել են ոչնչացնել այն, ապա ավելացրեց, որ այսօրվա կրթագիտական ժառանգության համար պարտական ենք հենց այդ վարժարաններին և դրանց սաներին, որոնց ուսումնառության ծարավը պետք է օրինակ լինի և փոխանցվի այսօրվա սերնդին։
Ցուցադրության հեղինակ Սեդա Պարսամյանը, խորհրդանշական դիտելով մեկդարյա բուհում շրջիկ ցուցադրության մեկնարկը, նշեց. «Ցուցադրությունն ունի նպատակային ուղղվածություն, այն է՝ ավելի քան մեկդարյա հեռավորությունից վեր հանել ու հանրությանը ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործած շուրջ 2000 հայկական կրթօջախների երբեմնի բեղուն գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով: Այդ հաստատությունները, չնայած Օսմանյան կառավարության գործադրած շարունակ հետապնդումներին ու բռնություններին, ոչ միայն չդադարեցրին իրենց գործունեությունը, այլև տասնամյակներ շարունակ մեծ հաջողություններ արձանագրեցին՝ զգալի ներդրում ունենալով կայսրության կրթության, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում»։
ՀՊՄՀ-ում ցուցադրությունը կգործի մինչև ս. թ. դեկտեմբերի 15-ը։