18.05.2022
Աշխատանքայի այցով Հայաստան ժամանած Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի և Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Չեխիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Յիրժի Ռուժիչկան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: