19.01.2023
Հայ-կիպրական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կիպրոսի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Պարոն Կորնելիոս Կորնելիուն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Կիպրոսից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Կորնելիոս Կորնելիուն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այցի ավարտին հյուրերը եղան Հիշողության պուրակում, որտեղ տարբեր տարիներին եղևնիներ են տնկել նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաները: