19.02.2015
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտում տեղի ունեցավ «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկների շնորհանդեսը:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրեց ձեռնարկները. «Ձեռնարկները հրատարակվել են ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում և «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ջանքերով:
Այս ձեռնարկները շատ կարևոր են և արդիական, դրանք կարող են բավականին դյուրացնել լրագրողների աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության լուսաբանման գործում, ինչպես նաև օգտակար ուղեցույց կլինեն ուսուցիչների համար:
Ուսուցիչներն ու լրագրողները հասարակության երկու ազդեցիկ խմբեր են, որոնք ձևավորում են արժեհամակարգ, սերունդներին գաղափարներ, տեսլականներ են փոխանցում: Հետևաբար, նրանց համար նախատեսված ձեռնարկները կնպաստեն Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ ներկայացմանը մի կողմից` կրտսեր սերնդին, մյուս կողմից` արդեն հասուն քաղաքացիներին:
Այս գրքերի էլեկտրոնային տարբերակները շուտով կլինեն Հայոց ցեղասպանության թանգարան – ինտիտուտի կայքէջում»:
Ելույթ ունեցավ նաև «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Ռեգինա Գալստյանը, ով շնորհակալություն հայտնեց թանգարան – ինստիտուտին ձեռնարկների պատրաստմանն աջակցելու և խորհրդատվության համար:
Շնորհանդեսին ներկա էր նաև դրամաշնորհային ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը, ով շնորհակալություն հայտնեց թանգարան-ինստիտուտին թե´ նշյալ ձեռնարկների, թե´ ցանկացած ծրագրի իրագործման մեջ աջակցության համար: Նա կարևորեց իրենց գործունեությունը հասարակական կազմակերպությունների հետ, որոնք սահմանամերձ շրջանների դպրոցականների հետ են աշխատել` լրացնելով այն բացը, որը երբեմն առաջանում է պատմության ուսուցիչների պակասի արդյունքում: «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկներում առկա են ցեղսպանության վերաբերյալ կոնվեցիաներ, տարբեր փաստաթղթեր, մասնագետների դասախոսությունների տեքստեր:
Ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկը ներառում է Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու վերաբերյալ գիտական հոդվածներ, ինչպես նաև թեման կրթական հաստատություններում ներկայացնելու մեթոդներ և նրբություններ: Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների և հանրության լայն շրջանների համար:
Լրագրողների համար նախատեսված ձեռնարկը ներառում է Հայոց ցեղասպանության թեման գրագետ լուսաբանելու վերաբերյալ գիտական հոդվածներ, ինչպես նաև թեման հանրությանը մատուցելու ուղենիշներ և նրբություններ: