19.02.2022
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանի «Կիլիկիահայության թիվը Հայոց ցեղասպանության նախօրյակին» մենագրությունը։
Աշխատանքը նվիրված է Օսմանյան Թուրքիայի մաս կազմող Կիլիկիայի տարածքում նախքան Հայոց ցեղասպանությունը բնակվող հայերի՝ կիլիկիահայության թվաքանակի հարցի ուսումնասիրությանը։
Հեղինակը, համեմատական վերլուծության ենթարկելով հիմնական օսմանյան, հայկական և արևմտյան սկզբնաղբյուրները, ինչպես նաև օժանդակ աղբյուրների հաղորդած վիճակագրական տվյալները, ներկայացնում է Հայոց ցեղասպանության նախօրյակի դրությամբ կիլիկիահայության թվաքանակի հաշվարկ՝ ըստ երկրամասի առանձին շրջանների (Ադանա, Սիս, Հաճըն, Մարաշ, Զեյթուն և այլն)։
Աշխատանքում նաև անդրադարձ է կատարվում Կիլիկիայի տարածքի օսմանյան վարչական և հայկական եկեղեցական–թեմական բաժանումների, Կիլիկիայում բնակվող այլ ազգությունների թվաքանակի և ընդհանուր ազգաբնակչության մեջ հայ բնակչության տեսակարար կշռի, 1909 թ. կիլիկիահայության կոտորածների ժողովրդագրական հետևանքների, Հայոց ցեղասպանության արդյունքում կիլիկիահայության կրած մարդկային կորուստների, վերապրածների, Առաջին աշխարհամարտից հետո Կիլիկիա վերադարձած հայերի թվաքանակի հարցերին։
Աշխատությունը հասցեագրված է պատմաբաններին, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությամբ, պատմական ժողովրդագրությամբ հետաքրքրվողներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակներին։
Գրքի հեղինակ պ.գ.թ․ Ռոբերտ Թաթոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ Նա «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրության (Երևան, ՀՑԹԻ, 2015), ինչպես նաև Հայոց ցեղասպանության նախօրյակին Արևմտյան Հայաստանի ժողովրդագրության, կրոնական և կրթամշակութային կյանքի, Հայոց ցեղասպանության արդյունքում արևմտահայության կրած մարդկային և նյութական կորուստների ուսումնասիրությանը նվիրված երեք տասնյակից ավել գիտական հոդվածների հեղինակ է։