19.03.2025
Վերջերս մի հայ բարերար, ով չի ցանկացել՝ նշվի իր անունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրախանութից ձեռք է բերել ՀՑԹԻ-ի հրատարակած «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հայալեզու 3-7-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ հատորներից (8 գիրք) 36-ական օրինակ։ Բարեգործական նպատակով գնված գրքերն ի պահ են տրվել ՀՑԹԻ կրթական ծրագրերի բաժին՝ թանգարան-ինստիտուտում կրթական ծրագրերի մասնակից դպրոցների գրադարաններին նվիրաբերելու համար:
Կրթական ծրագրերի մասնակից երկու դպրոց արդեն հասցրել է հարստացնել դպրոցական իրենց գրադարաններն այս արժեքավոր նվիրատվությամբ:
Անհատների պատմություններն ու վերապրողների վկայությունները խիստ արժեքավոր են ինչպես Հայոց ցեղասպանության հետազոտության, այնպես էլ` դասավանդման համար: Ուստի անչափ կարևոր է, որ մեր դպրոցականները կարդան Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց հուշագրությունները:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և վերջինիս կրթական ծրագրերի շուրջ ձևավորված դպրոցական համայնքի անունից մեր երախտիքն ենք հայտնում այսպիսի արժեքավոր նվիրատվության համար: