Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է։ Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանությանը զոհ դարձած հազարավոր անմեղ զոհերի հիշատակին։
Հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցողների կողմից հնչեց աղոթք, որից հետո Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը հոգեհանգստի կարգ իրականացրեց անմեղ զոհերի հիշատակին:
Այնուհետև միջոցառման մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որի ժամանակավոր ցուցադրությունների սրահներից մեկում տեղի ունեցավ տարելիցին նվիրված ՀՑԹԻ արխիվի աջակցությամբ կազմակերպված ցուցադրության բացում:
Ներկայացուցիչներին ընդունեց ու ողջույնի խոսք հղեց ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը.
«Հարգելի հյուրեր,
Ողջունում եմ Ձեզ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Ամեն տարի մայիսի 19-ին Հայաստանում հունական համայքի հետ միասին ոգեկոչում ենք Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս տարի լրանում է այդ ողբերգական իրադարձության 100-րդ տարելիցը: 100 տարի առաջ այս օրը Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ թուրքական զորքերը մտան Սամսուն, և սկսվեց Պոնտոսի հույների կոտորածի երկրորդ ալիքը: Այդ կոտորածները շարունակությունն էին դեռևս 1915-ից Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաների նկատմամբիրականացվող ցեղասպանության: Կոտորած, բռնագաղթ, ունեզրկում, բռնի թրքացում ու հայրենազրկում. ցեղասպանությանը զոհ դարձան հարյուր հազարավոր պոնտացի հույներ:
Պատմական նույնանման ճակատագիրը հայերին թույլ է տալիս լավ հասկանալ բախտակից ժողովրդին: Այն, ինչ կատարվեց XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի, հույների և ասորիների հետ աննախադեպ էր իր ծավալներով ու հետևանքներով: Այդ հանցագործությունն իր հետքը թողեց ոչ միայն հայ և հույն ժողովուրդների, այլ նաև ողջ մարդկության պատմության մեջ:
Ցեղասպանության հարյուրամյակը հոգեբանական սահմանագիծ է անցյալի ու ներկայի միջև, սակայն այն պետք է դիտարկել որպես ուժերի համախմբան նոր հանգրվան, ցեղասպանության ճանաչման ու դրա հետևանքների վերացման համար մղվող պայքարի նոր մեկնակետ: Այսօր ևս մեկ առիթ է վերագնահատելու մեր ուժերը նման հանցագործությունների ճանաչման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի համար»:
Ցուցադրության դիտումից հետո միջոցառման մասնակիցները ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հանդիպում-քննարկում ունեցան պատմաբան, «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և Փոքրասիական աղետը (1914-1923 թթ.)» գրքի հեղինակ Գևորգ Վարդանյանի հետ: Վերջինս անդրադարձավ հույների ցեղասպանության պատմության, հիշողության և միջազգային ճանաչման խնդիրներին:
Որպես 100-րդ տարելիցի միջոցառումների ամփոփում հայերեն թարգմանությամբ ցուցադրվեց հունական «Livemedia» ընկերության պատրաստած «Պոնտոս։ Մեծ ժամանակները» փաստագրական ֆիլմը` նվիրված պոնտացի հույների ցեղասպանությանը։ 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպվել էր Հայաստանի հունական համայնքների միության ջանքերով:
1916-1923 թվականներին Պոնտոսում բնակվող 700 հազար հույների նկատմամբ թուրքերի իրագործած ոճրին զոհ են գնացել շուրջ 353 հազարը, մյուս մասը գաղթել է Հունաստան, Հայաստան և այլ երկրներ:
Հայաստանի խորհրդարանը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Հայտարարությանը միաձայն կողմ է քվեարկել 117 պատգամավոր: Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են նաև Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան:
Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ