19.05.2023
Գիտաժողովի օրերը՝ 18-20 սեպտեմբերի, 2023 թ.
Գիտաժողովի վայրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Կազմակերպիչ` «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն և անգլերեն
Որպես համակենտրոնացման ճամբարների ի հայտ գալու ժամանակահատված ընդունված է համարել 19-րդ դարի վերջը - 20-րդ դարի սկիզբը։ Իսպանացիները Կուբայում, ամերիկացիները Ֆիլիպիններում, անգլիացիները Հարավաֆրիկյան Հանրապետությունում (Տրանսվաալ), իսկ հետագայում գերմանացիներն իրենց գաղութ Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկայում ճամբարներն օգտագործում էին որպես հակառակորդ կողմի ներկայացուցիչներին մեկուսացնելու միջոց։
Հայոց ցեղասպանության պարագայում թուրքական կառավարության կողմից համակենտրոնացման ճամբարներն առաջին անգամ կիրառվում են որպես ցեղասպանության իրագործման մեթոդ։ Հայոց ցեղասպանության գործադրման շրջանակում հայ աքսորյալների քարավանները, որոնք պատմության մեջ մտնել են «մահվան քարավաններ» անվամբ, սկիզբ էին առնում վերջիններիս ծննդավայրերից և շարժվում դեպի Սիրիայի և Միջագետքի անապատները՝ ծառայելով որպես հայերի զանգվածային բնաջնջման մեթոդ։ Գաթմա, Բաբ, Մումպուճ, Մեսքենե, Ռաքքա, Դեր Զոր, Ռաս ուլ-Այն, Աբու Հարերա և մի շարք այլ բնակավայրեր երիտթուրքական կառավարության ընտրությամբ բաց երկնքի տակ դառնում են գաղթականների համակենտրոնացման ճամբարներ: Այնտեղ հայության մի զգալի հատված համաճարակների զոհ էին դառնում. միայն տիֆից մահանում է 340.000 հայ։ Համատարած էին նաև բռնի կրոնափոխության, երեխաների ու կանանց առևանգման և վաճառքի դեպքերը։ Իսկ 1916 թ. թուրքական իշխանություններն իրականացնում են համակենտրոնացման ճամբարներում դեռևս ողջ մնացած հայերի զանգվածային սպանություններ։ Տարբեր աղբյուրների համադրմամբ ամբողջացնելով 1915-1918 թթ. ընթացքում Սիրիայի և Միջագետքի համակենտրոնացման ճամբարներում սպանվածների, սովից ու հիվանդություններից մահացածների թիվը՝ նշվում է 700.000։
Գիտաժողովը նպատակ ունի վերհանելու և քննարկելու Հայոց ցեղասպանության ժամանակ աքսորի ճանապարհին և համակենտրոնացման ճամբարներում հայերի կյանքի ու ճակատագրի համակողմանի պատկերը: Առանձին նիստ է նախատեսվում այլ ցեղասպանությունների ընթացքում համակենտրոնացման ճամբարների վերաբերյալ:
Գիտաժողովի թեմաներն են՝
1. Աքսորի ուղիները դեպի համակենտրոնացման ճամբարներ
2. Աքսորականների փորձառությունը տեղահանման ժամանակ
3. Համակենտրոնացման ճամբարների աշխարհագրությունը
4. Կյանքը համակենտրոնացման ճամբարներում
5. Համաճարակ և առողջապահական խնդիրներ
6. Նպաստի բաշխում, ինքնօգնություն
7. Սննդի հայթայթման և ապահովման հարցեր
8. Բարոյական դիմադրություն
9. Որբեր և որբանոցներ
10. Օսմանյան կառավարության օրենքները, որոշումները և կիրառված քաղաքականությունը համակենտրոնացման ճամբարների վերաբերյալ
11. Համակենտրոնացման ճամբարները պատմության մեջ և այլ ցեղասպանությունների համատեքստում
12. Համակենտրոնացման ճամբարների արտացոլումը գրականության մեջ
13. Ականատեսների վկայությունները համակենտրոնացման ճամբարների մասին
14. Հայազգի և օտարազգի դերակատար անձինք և առաքելությունները
Կդիտարկվեն հայտեր նաև հարակից այլ թեմաներով:
Զեկույցների հայտերն ընդունվում են մինչև 2023 թ. հուլիսի 1-ը: Ներկայացվող հայտերը պետք է ընդգրկեն ամփոփում (200-250 բառ) և հեղինակի համառոտ գիտական ինքնակենսագրությունը (300 բառ): Դիմումները պետք է ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեին՝ conference2023@genocide-museum.am:
Ընտրված մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի 2023 թ. հուլիսի 15-ին: Գիտաժողովին ներկայացված որոշ ընտրված զեկույցներ կտպագրվեն: