19.09.2014
Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվող Հայաստան – Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցների պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Սփյուռքի 60 երկրների կազմակերպությունների ղեկավարներից, ներկայացուցիչներից և լրագրողներից կազմված պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որից հետո հոգևոր դասի ներկայացուցիչները նահատակների հոգեհանգստի արարողության կարգ կատարեցին:
Այնուհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում տեղի ունեցավ խորհրդանշական ծառատունկ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի:
Տեղեկացնենք, որ Հայաստանի լրագրողների միությունը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ 2014թ. սեպտեմբերի 19-ին Երևանում կգումարեն «Հայոց ցեղասպանություն 100: Ճանաչումից պահանջատիրություն» խորագրով լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը:
Համաժողովը կընթանա «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների» 5- րդ համահայկական համաժողովին զուգահեռ:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է լրատվամիջոցների համահայկական ընկերակցության համալրում և առաջիկա ծրագրերի մշակում: