19.09.2017
Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի աջակցությամբ և իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված Վատիկանի գաղտնի արխիվներում պահպանվող արժեքավոր փաստաթղթերից մի հատված այսօր հանձնվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Փաստաթղթերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մանուկյանին փոխանցեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը:
Մանանա Հակոբյանը նշեց, որ այս պահին փաստաթղթերի մի մասն է թվայնացվել, իսկ մյուս մասի վրա մասնագետները դեռ աշխատում են:
«Ծագումով հայեր» հաղորդման հյուրերը նույնպես ժամանել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նրանք հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին և շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում: