19.01.2023
Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ԵՊՀ և ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսանողներ և քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին ադրբեջանական կառավարության կազմակերպած Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ:
1990 թ. հունվարի 13-19-ին տեղի ունեցած Բաքվի հայ բնակչության ջարդերը հարկավոր է դիտարկել Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-1990 թթ. հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ բռնությունների և հակահայկական քաղաքականության համատեքստում: Այդ քաղաքականության առաջին դրսևորումը Ադրբեջանում հանդիսացավ 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածը: Սումգայիթյան ջարդերին համապատասխան իրավական ու քաղաքական գնահատականի չարժանացումը անպատժելիության մթնոլորտ ստեղծեց, ինչը նպաստեց հակահայ բռնությունների հետագա ծավալմանը և շարունակականությանը: Ադրբեջանում հակահայկական բռնության հաջորդ թիրախը 1988 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դարձավ Կիրովաբադ քաղաքը և դրան հարակից բնակավայրերը:
1990 թ. հունվարի 11-ից Բաքվում Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից կազմակերպվեցին ցույցեր, որտեղ հնչում էին «Մահ հայերին» և «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսները: Հունվարի 13-ին ցույցերը զանգվածային բնույթ ձեռք բերեցին: Առանձնացան ջարդարարների խմբեր, որոնք շարժվեցին հայ բնակչության նախապես կազմված հասցեներով: Ջարդերի ամբողջ ընթացքում քաղաքի իրավապահ մարմինները դրսևորել են հանցավոր անգործություն (ըստ մի շարք վկայությունների` նաև մասնակցություն): Հայ բնակչության կոտորածը քաղաքում շարունակվեց շուրջ մեկ շաբաթ` մինչև հունվարի 19-ը: Տեղի ունեցան հայ բնակչության սպանություններ, պատճառվել են ֆիզիկական ծանր վնասվածքներ և հոգեկան առողջության խանգարումներ, խոշտանգումներ, ողջակիզումներ, բռնաբարություններ:
Ինչպես Ադրբեջանի հայաբնակ այլ շրջանների, այնպես էլ Բաքվի ջարդերի զոհերի ճշգրիտ թվաքանակն անհայտ է: Ջարդերից հետո չի իրականացվել հետաքննություն, հանցագործության կազմակերպիչների ու մասնակիցների բացահայտում և պատժում:
Գայանե Հովհաննիսյան
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող