19.10.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ամստերդամի քաղաքային դատարանի նախագահ տիկին Էսթեր դե Ռուույը հոկտեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:
Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը, այնուհետև շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Տիկին Էսթեր դե Ռուույին հատկապես հետաքրքրեց Հայոց ցեղասպանությունը վերապրած երիտասարդ հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի կյանքի պատմությունը:
Այցի ավարտին տիկին Էսթեր դե Ռուույը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրին նվիրեց Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունը: