19.05.2022
Բանախոս՝ Գոհար Խանումյան, ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ
Թեմա՝ Փրկության առաքելություն. մեկ հայ` մեկ ոսկի
Դպրոց՝ Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց
Ս.թ. մայիսի 19-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ 2022 թ. կրթական ծրագրերի հերթական հանդիպումը: ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն աշակերտներին ներկայացրեց «Փրկության առաքելություն. մեկ հայ` մեկ ոսկի» թեմայով դասախոսություն: Բանախոսն անդրադարձավ Հայոց ցեղասպանության գործադրման տարիներին կյանքի կոչված մի աննախադեպ առաքելությանը, որը հայտնի է որբահավաք/հայահավաք անուն(ներ)ով։ Այն սկսվեց Արևմտյան Հայաստանի՝ 1916-1917 թվականներին ռուսական զորքերի ազատագրած տարածքներից՝ հետագայում տարածվելով Օսմանյան կայսրության գրեթե բոլոր հատվածներում: Որբահավաք առաքելության հենց սկզբում ձևավորվեց «մեկ հայ-մեկ ոսկի» կարգախոսը, որը կարճ ժամանակահատվածում վերաճեց համահայկական փրկության ծրագրի: Այն նպատակ ուներ փրկել ֆիզիկական ոչնչացման և ուծացման եզրին կանգնած հայության բեկորներին: Կարգախոսը առաջին անգամ շրջանառության մեջ դրեց հայ ազատագարական շարժման նշանավոր գործիչ, հայդուկապետ Սեբաստացի Մուրադը Երզնկայում, 1916 թ. ամռանը:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: