1994 թ. փետրվարի 24-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանը մայիսի 19-ը հայտարարեց Հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, որը կապված է Մուստաֆա Քեմալի Սամսուն հասնելու հետ։ Հույների ցեղասպանությունը ոգեկոչվում է նաև սեպտեմբերի 14-ին (1922 թ. Զմյուռնիայի քրիստոնյաների կանխամտածված բնաջնջում, ապա՝ քաղաքի հրկիզում)։
19-րդ դարում, թեև բարեփոխումներն Օսմանյան պետության մեջ մասամբ իրագործված էին, Պոնտոսի հույն ժողովուրդը փորձությունների է ենթարկվում: 20-րդ դարը բարձրակետն էր: Պոնտոսի բնակչությանը վերաբերվում էին որպես ստորադաս քաղաքացիների․ նրանց ներկայությունը խոչընդոտ էր երիտթուրքական ազգայնամոլական ծրագրերի իրականացման ճանապարհին (1):
Պատրիարքարանի և օսմանյան պաշտոնական հաշվարկների համաձայն՝ 20-րդ դարի սկզբին Պոնտոսի հույների թիվը կազմում էր մոտ 600.000, իսկ 1918 թ.՝ 700.000 (2):
1916 թ. դեկտեմբերին Պոնտոսի հույն բնակչության բնաջնջման ծրագիրն իրագործում են երիտթուրքական շարժման առաջնորդներ Էնվեր, Ջեմալ և Թալեաթ փաշաները․ այդ ծրագիրը նախատեսում էր 16-60 տարեկան տղամարդկանց բնաջնջումը, կանանց և ծերերի տեղահանությունը (3):
Հույն կանայք և երեխաները բնակչության ամենախոցելի հատվածն էին: Այս փաստն ակնհայտորեն ապացուցում են դեսպանները, հյուպատոսները և այլ ականատեսներ իրենց զեկույցներում և ակնարկներում։ Կանանց և երեխաների տեղահանությունը բնաջնջման համակարգված քաղաքականություն է, մինչդեռ կանանց առևանգումը և «բանտարկումը» թուրքական տներում, բռնի իսլամացումը, զանգվածային բռնաբարությունները, հղի կանանց սպանությունները, երեխաների բաժանումը ծնողներից, նրանց փոխանցումը թուրքական ընտանիքներ ցեղասպանության ոճիրը բնութագրող այլ փաստեր են (4):
Համաձայն Աթենքում Պոնտոսի կենտրոնական խորհրդի «Սև գրքի»՝ մինչև 1922 թ. զոհերի թիվը կազմում էր 303.238, իսկ ընդհանուր թիվը մինչև 1924 թ. մայիսը հասնում 353.000-ի (5):
Այն հույները, ովքեր վերապրում են, տեղահանվում են վերջնական բնաջնջման համար նախատեսված անմարդկային պայմաններ ունեցող վայրեր, հրաշքով փրկվածները՝ սփռվում աշխարհով մեկ (Ռուսաստան, Հունաստան, Գերմանիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա) (6):
«Մեկ դար է անցել,- եզրահանգում է պրոֆեսոր Թեոֆանիս Մալկիդիսը,- սակայն թուրքական ժխտողական քաղաքականությունն ամենևին չի փոխվել, թեև վերջին տարիներին նկատելիորեն աճել է պատմական ճշմարտությունը հաստատողների թիվը: Թուրքիայի նմանօրինակ դիրքորոշումն անհնարին է դարձնում կարծիքները բացեիբաց լսելու հնարավորությունը, որոնք կա՛մ քննադատվում են, կա՛մ ճնշվում հնարավոր բոլոր ձևերով» (7):
Այնուամենայնիվ, մարդկությունը պարտավոր է պայքարել իր ողջ ուժով: Առաջադեմ մարդիկ չեն մոռանա և չեն հեռանա այս պայքարից, քանի որ գիտեն, որ վաղ թե ուշ կգա ժամանակը, և անհնարին կլինի ժխտել Հույների ցեղասպանությունը, իսկ հիշողության պայքարն ընդդեմ մոռացության անփոփոխ է (8):
Պոնտոսի հարցն իր վերջնական լուծումը դեռ չի գտել. այն շարունակում է մնալ հետազոտողների ուսումնասիրության կենտրոնում և հայցում է սպառիչ ու արդարացի լուծում (9):
Թեհմինե Մարտոյան
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի
Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման
բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.
----------------------------
1. Թեոֆանիս Մալկիդիս,
Հույների ցեղասպանությունը. Թրակիա, Փոքր Ասիա, Պոնտոս (հեղինակազորված թարգմանությունը՝ Թեհմինե Մարտոյանի), Երևան, Ալեքսանդրուպոլիս, 2014, էջ 83:
2. Նույն տեղում, էջ 96:
3. Նույն տեղում, էջ 99:
4. Նույն տեղում, էջ 110:
5. Նույն տեղում, էջ 110-111:
6. Նույն տեղում, էջ 84:
7. Նույն տեղում, էջ 85:
8. Նույն տեղում, էջ 86:
9. Նույն տեղում, էջ 120:
Պոնտոսի հույն ընտանիք
Տեղահանվող հույներ
Հույների ցեղասպանության զոհեր
Պոնտոսի կոտորված հույներ
Տեղահանվող հույներ
Հույն տարագիր