02.05.2023
ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան ընտանիքի անդամների հետ միասին մայիսի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
ՌԴ-ից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Գալինա Իզոտովան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովային նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր և Մարաշի ասեղնագործությամբ զարդարված դրամապանակ:
Տիկին Գալինա Իզոտովան իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հետաքրքիր շրջայցի համար:
Այցի ավարտին հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ տիկին Իզոտովան ջրեց ՌԴ հաշվիչ պալատի նախորդ նախագահ Ալեքսեյ Կուդրինի 2022 թ. տնկած արծաթափայլ եղևնին: