20.01.2015
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կնտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը օսմանյան բանակի հայազգի սպա Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային բացառիկ նշանակության հուշագրությունը, որի հայերեն և ռուսերեն հրատարակությունները տպագրվել են ՀՑԹԻ-ի կողմից, ճանաչում է որպես «Ամսվա գիրք»: Գիրքը թարգմանվել և հրատարակվել է նաև թուրքերենով:
Հուշագրությունը ներկայացնում է Առաջին աշխարհամարտի թոհուբոհով անցած օսմանյան բանակի հայազգի սպայի ոդիսականը։ Դեպքերի ու դեմքերի անսպասելի անցումները, ցեղասպանության պատմությունը բոլորովին անսպասելի կողմից ներկայացնելը Սարգիս Թորոսյանի իրապատումը դարձնում է խիստ հետաքրքիր ու գրավիչ հուշագրություն, որի ընթերցումն անջնջելի տպավորություններ է թողնում։
Սարգիս Թորոսյանի հուշագրությունը պարզապես հուշեր չեն, այլ եզակի գրավոր հուշարձան և Հայոց ցեղասպանության կենդանի վկայություն: Սարգիս Թորոսյանը, որպես պատերազմի ամենաարյունալի մարտերից մեկի՝ հայտնի Դարդանելի ճակատամարտի մասնակից, պարգևատրվել է օսմանյան կառավարության կողմից: Սակայն, այդ նույն կառավարության կողմից նրա մտերիմներն ու հարազատները աքսորվել են և վայրենաբար սպանվել: Հեղինակ-ականատեսի հետաքրքրիր և հուզիչ պատմվածքը եվրոպական և մերձավորարևելյան ռազմաքաղաքական ճակատներում սրընթաց զարգացող դեպքերի մասին է, որին միախառնվում է նրա անձնական դրամայի արկածախնդրությունն և փորձությունները:
Հերոսը չի վերապրել Մեծ եղեռնը, սակայն քսաներորդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկի՝ օսմանյան կառավարության կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհն է։
Հիշեցնենք, որ Սարգիս Թորոսյանին և նրա հուշագրությանն էր անդրադարձել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված իր պատասխան նամակում, որտեղ մասնավորապես ասված է.
«Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաև Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը. սպա, որ նվիրվել էր կայսրության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը և հավատարիմ ծառայության ու սխրանքների համար Օսմանյան կայսրության կողմից արժանացել էր ռազմական պարգևների: Մինչդեռ, նույն թվականին իր գագաթնակետին հասած՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապես ծրագրված և իրականացված զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին: Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը մահացավ Սիրիայի անապատում»: