20.07.2016
Հուլիսի 20-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան: Նրան ուղեկցում էին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ուրիշներ:
Կոնգրեսմենը ծաղիկներ է խոնարհել հավերժական կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգության անմեղ նահատակների հիշատակին:
Այնուհետև կոնգրեսմեն Կոստան շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներից մեկում, դիտել Մեծ Եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված ցուցադրությունը: ՀՑԹԻ տնօրենը պարոն Կոստային է ներկայացրել թանգարանում պահվող բացառիկ նմուշներ` Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պահպանված կադրերը, կինոնկարի պաստառները, հերոսուհու ընտանեկան լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները եւ բացառիկ այլ նմուշներ:
Այցի ավարտին Ջիմ Կոստան գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Իր գրառման մեջ պարոն Կոստան մասնավորապես նշել է.«Ես մեծացել եմ Վիլյամ Սարոյանի երկրում, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Քսաներորդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության մասին պատմությունները այնտեղ եմ լսել, մեր հայ հարևաններից»:
Հրաժեշտից առաջ ՀՑԹԻ տնօրենը կոնգրեսմենին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լույս ընծայած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը: