ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն «Ամերիկյան Կարմիր Խաչ»-ի հիմնադիր և մարդասեր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված միջոցառման շրջանակներում ՀՑԹԻ կողմից «Կլարա Բարտոն» ոսկե հուշամեդալին արժանանալու կապակցությամբ շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին:
Այս տարվա մայիսի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ «Ամերիկյան Կարմիր Խաչ»-ի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառման ընթացքում ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը «Երախտագիտություն» անվանակարգով թողարկված և Կլարա Բարտոնին նվիրված ոսկե հուշամեդալով պարգևատրեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, Կ. Բարտոնի թանգարանի աշխատակից Քևին Փաթիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը: Ի նշանավորումն հայ-ամերիկյան բարեկամության՝ ԱՄՆ դեսպանության միջոցով «Կլարա Բարտոն» ոսկե մեդալներ հանձնվեցին նաև ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
2012 թ. օգոստոսի 12-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հասցեագրված իր նամակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր շնորհակալությունն է հայտնել Կլարա Բարտոնին նվիրված միջոցառման կազմակերպիչներին, այդ թվում նաև ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանին` Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից «Կլարա Բարտոն» ոսկե հուշամեդալ ստանալու կապակցությամբ: Նամակում ԱՄՆ պետքարտուղարն իր գոհունակությունն է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան համագործակցության կապակցությամբ: