20.11.2023
Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի կողմից 2001 թ.-ի հունվարին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի զեկուցող, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հեղինակ Ֆրանսուա Ռոշեբլուանը, Սենտ-Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վրեժ Խոսրովյանը, Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Կոտչյանը և այլք:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:
Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես Անատոլ Ֆրանսի հայանպաստ գործունեության մասին:
Պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Կոտչյանը ներկաների համար ընթերցեց Հայոց ցեղասպանության մասին իր գրվածքը:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում դրված Ֆրանսիայի կողմից 2001 թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված կոթողի մոտ ճանաչման օրենքի զեկուցող Ֆրանսուա Ռոշեբլուանը կարճ ելույթ ունեցավ՝ ներկայացնելով օրենքի ընդունման ընթացքը:
Այցի ավարտին ֆրանսիական պատվիրակության անդամները շրջեցին Հիշողության պուրակում, որտեղ կա նաև հայ ժողովուրդի լավ բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանի տնկած եղևնին: