22.09.2023
Սեպտեմբերի 22-ին Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում, այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարանում ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Ժաննա Մելքոնյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: