Նորություններ |
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ
21.04.2015
Այսօր ժամը 17:00-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բացվեց վերակառուցված Հայոց ցեղասպանության թանգարանը՝ բոլորովին նոր ու բացառիկ ցուցադրությամբ:
ՀՀ Նախագահին, բարձրաստիճան հյուրերին, թանգարանի մեկենասներին և մյուս ներկաներին ողջունեց Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում խորին երախտագիտություն հայտնեց երկրի առաջին դեմքին՝ Սերժ Սարգսյանին, թանգարանի բարերարներին՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանին, «Սպարտակ» ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արմեն Շահազիզյանին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, Տիգրան Քալաջյանին, ՀՀ Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ողջ անձնակազմին:
Այնուհետև Հայկ Դեմոյանը հյուրերին ներկայացրեց թանգարանի նոր ցուցադրությունը: Հյուրերի համար պատրաստված էր նաև անակնկալ. երեք նվիրատուներ թանգարանին նվիրաբերեցին բացառիկ ցուցանմուշներ: Կատերինա Յամադան թանգարանին է նվիրել բրնձով լցված ապակե շիշ՝ Ցեղասպանությունից հետո Մերձավոր Արևելքի որբանոցներից մեկում երեխաների համար նախատեսված օրական պարենի չափով, որի բավարար չլինելու պատճառով կոմիտեն ստիպված մերժել է ընդունել հազարավոր երեխաների: Շշի վրա կա գրություն՝ «Օգնություն հայ որբերին»: Հյուրերից Յուսի Բյորը նվիրել է իր տատիկի՝ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյորնի օրագիրը և կնիքը, իսկ Սոսի Հաբեշյանը՝ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի դրամապանակը և լուսանկար՝ որբերին խնամելիս:
Շրջայցից ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի մատյանում, որտեղ ասված է. «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը, որ նվիրված է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին, իսկապես տպավորիչ է թե՛ նյութի ընդգրկման, թե՛ մատուցման տեսանկյունից: Ծավալուն և արդյունավետ աշխատանք է կատարված:
Թվում է, թե մենք՝ հայերս, Հայոց ցեղասպանության մասին գիտենք գրեթե ամեն ինչ, բայց նման ցուցադրությունները վեր են հանում նոր շերտեր, տալիս նոր գիտելիք նույնիսկ ամենատեղեկացվածին:
Որպես այցելու, ես դուրս եմ գալիս թանգարանից՝ վերահաստատելով այն, ինչ բոլորիս մտքում է և բոլորիս շուրթերին՝ Հիշում եմ և պահանջում»:
ՀՀ Նախագահը թանգարանին նվիրեց նաև մի բացառիկ հատոր՝ «Գրիգորի Նարեկայ Վանից վանականի Մատեան Ողբերգութեան, Ի Կոստանդնուպօլիս, 1850» գիրքը: Գրքի տիտղոսաթերթին հայերեն ձեռագիր տեքստ կա, որից հայտնի է դառնում, որ այն գնվել է Սեբաստիայի փողոցներից մեկում սեբաստահայության տեղահանության ժամանակ: Գնորդը` Երվանդ Սերայտարյանը, թողել է հետևյալ գրությունը. «Սեբաստիա, 15 Յուլիս 1915, գնեցի փողոցին տեղահանութեան ժամանակ 12 ղրշի: Աստուած ամենակարող տուր մէզի օրհնութիւններդ եւ մէզի ողորմեա եւ մէզի շնորհէ գամքիդ բարիքներդ, Ամէն. Երուանդ Թ. Սէրայտարեա»: Գիրքը պատկանել է Կարապետ Չաթրջյանի ընտանիքին:
Հայոց ցեղասպանության ընթացքում բռնագաղթյալ հայերը հաճախ իրենց հետ վերցնում էին Ավետարան կամ «Նարեկ»` որպես սրբազան մասունքներ: Այս գիրքը վկայում է այն մասին, որ մահվան դատապարտված հայերը երբեմն իրենց կյանքից առավել կարևորում էին սեփական ժողովրդի ստեղծած մշակութային ժառանգության պահպանումը:
Թանգարանի ճարտարապետն է Սաշուր Քալաշյանը: Թանգարանի նոր ցուցադրության գիտական հայեցակարգը մշակվել և իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) աշխատակազմի կողմից՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ: Թանգարանի սրահների ներքին ձևավորումն ու դիզայներական հայեցակարգը մշակել ու իրականացրել են Լուսինե Մաթևոսյանը և Քրիստինե Աբրահամյանը: Թանգարանի դիզայներական հայեցակարգը նախագծվել և իրագործվել է առանց լրացուցիչ վճարի:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թանգարանը և հարակից տարածքը հիմնավերանորոգվել են «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամը ֆինանսավորվում է իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվություններով:
Աշխատանքներն իրականացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: Միջոցառումների գլխավոր համակարգող՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան:
2011-2014/թթ. տեղի ունեցան Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնավերանորոգման աշխատանքները, բարեկարգվեց Ծիծեռնակաբերդի ճեմուղին և հարակից տարածքը. հիմնավերանորոգվեց թանգարան-ինստիտուտի հիմնական մասնաշենքը, կառուցվեց վարչական մասը՝ գրադարան, գիտաժողովների սրահ, պահոցներ և այլն:
2011 թվականից մեկնարկեցին Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության մշակման և դիզայներական նախագծի իրականացման աշխատանքները: Թանգարանի ցուցադրական տարածքը ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր. Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա: Դրանք երեք լեզուներով հայերեն, անգլերեն, ռուսերեն կազմվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական անձնակազմի մանրակրկիտ ու համալիր աշխատանքի շնորհիվ: Աշխատանքներին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ձևավորված թանգարանային փորձագիտական խումբը:
Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութերը: Դրանց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաև մուլտիմեդիայի՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների տեսքով: Ներկայացված են նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն: Թանգարանային
նոր ցուցադրական տարածքն ունի տասներկու սրահներч նախկին երեք սրահների փոխարեն:
Ցուցադրությունը բաղկացած է հիսուներկու հիմնական խորագրերից:
Թանգարանի ցուցադրությունը կունենա նաև աուդիոգիդեր` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով: Աուդիոգիդերը հնարավորություն կտան կարգավորելու թանգարան այցելող խմբերի մեծ հոսքերը: Թանգարանում կգործի նաև գրախանութ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ունի նոր հարմարություններ, ստեղծվել են բացառիկ պայմաններ ֆոնդային միավորների պահպանության համար, վերազինվել է կահույքը, տեխնիկական միջոցները:
Վերջին մի քանի տարվա ընթացքում հնարավոր է դարձել ՀՑԹԻ հավաքածուն կրկնապատկել բնօրինակ նյութերով. դրանք հատել են 90 հազարի սահմանը: ՀՑԹԻ հավաքածուն Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող նյութերի ամենամեծ հավաքածուն է աշխարհում:
ՀՑԹԻ շարունակում է նաև ակտիվ գիտահրատարակչական և տարբեր միջոցառումների կազմակերպման աշխատանքները, որոնք այս տարի առավել քան հագեցած են` ՀԲԸՄ Ասպետների աջակցությամբ ժամանակավոր ցուցադրության բացում Լոս Անջելեսի Սկիրբալ (Skirball) մշակութային կենտրոնում, Համագործակցության հուշագրի ստորագրում Շոա հիմնադրամի հետ (Լոս Անջելես), «Հայոց ցեղասպանությունը և ռուսական արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացում Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում, Փարիզի քաղաքապետարանում «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացում, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողով, «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացում:
2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ աշխարհի 80-ից ավելի քաղաքներում կկազմակերպվեն ժամանակավոր ցուցադրություններ:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|