21.04.2017
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տարեկան հաշվետու մամուլի ասուլիսը:
Մամուլի ասուլիսին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց իր պաշտոնավարման տասը տարիների թանգարան-ինստիտուտի ձեռքբերումներն, ապագա նախագծերն ու ծրագրերը:
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակը: ՀՑԹԻ այս առիթով կազմակերպելու է մի շարք միջոցառումներ, մասնավորապես ժամանակավոր ցուցադրության բացում, հիշատակի միջոցառումներ:
«Այս տարի ժամանակավոր ցուցադրության տեսքով կներկայացնենք Մեծ եղեռնի հուշահամալիրի կառուցման ժամանակագրությունը՝ պատմական լուսանկարներ շինարարության ընթացքից, թե ինչպես են անհատները մասնակցել շինարարական աշխատանքներին, մի քանի նմուշներ, թե ինչպես է հուշարձանի լուսանկարն արտատպվել տարբեր կրիչների վրա և այլն: Հետադարձ հայացք գցելով համայն հայության համար գլխավոր հուշահամալիրի կառուցման վերջին հիսուն տարուն՝ կտեսնենք, թե ինչպիսի առաքելություն ունեցավ այն, որի բաղկացուցիչ մասն է թանգարան-ինստիտուտը»,- նշեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ Հայոց պատմություն ակադեմիական բազմահատորյակի նոր և նորագույն պատմություններին նվիրված գրքերում տեղ գտած հակագիտական ու անընդունելի թեզերին ու թերացումներին:
Մամուլի ասուլիսից հետո եղավ նաև շրջայց թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ ՀՑԹԻ տնօրենը լրագրողներին ներկայացրեց ՀՀ անկախության 25-ամյակին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակին նվիրված ցուցանմուշներ: