21.05.2022
1994 թ. փետրվարի 24-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանը մայիսի 19-ը հայտարարել է Հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, որը կապված է Մուստաֆա Քեմալի՝ Սամսուն հասնելու օրվա հետ։ Հույների ցեղասպանությունը ոգեկոչվում է նաև սեպտեմբերի 14-ին՝ կապված 1922 թ. Զմյուռնիայի քրիստոնյաների կանխամտածված բնաջնջման, ապա՝ քաղաքի հրկիզման հետ։
Մայիսի 21-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բանախոսություն, որին ներկա էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, ԹեոԼաբ գիտավերլուծական կենտրոնի նախագահ Գառնիկ Հարությունյանը, համահիմնադիր Հայկ Հակոբյանը, հունական համայնքի ներկայացուցիչներ, թանգարան-ինստիտուտի աշխատակիցներ:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան: Նա նշեց, որ կարևորում է Հույների ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները և հատկապես թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությունը:
Բանախոսեց Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտական աշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը: Անդրադառնալով Հույների ցեղասպանությանը՝ Թեհմինե Մարտոյանը փաստեց, որ Օսմանյան պետությունը հույների տեղահանություններն ու կոտորածներն իրագործեց երեք հիմնական փուլով` 1913-1914 թթ. (1914թ. առաջին կես, որոշակիորեն 1915 թ.), 1916-1918 թթ. և 1919-1923 թթ., Թրակիայում, Փոքր Ասիայում և Պոնտոսում։
Թեհմինե Մարտոյանը ներկայացրեց հայ-հունական համագործակցության, համատեղ ինքնապաշտպանական մարտերի օրինակներ, Հույների ցեղասպանության ժխտման Թուրքիայի Հանրապետության թեզերն ու մեթոդները: Հետաքրքիր էր հատկապես Զալոնգո լեռան վրա Սուլի գյուղի կանանց ինքնազոհության պատմությունը՝ «մահվան շուրջպարը»:
Նշենք նաև, որ մայիսի 19-ին Ալավերդու հունական համայնքի բակում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած հայերի և հույների հիշատակին նվիրված, Հայաստանում առաջին հուշակոթողի բացումը (հեղ.՝ Արմեն Ղումաշյան, Կորյուն Սանահնեցի Հակոբյան)՝ ազգությամբ հույն բժիշկ Սիմոն Զախարովի նախաձեռնությամբ: