21.11.2015
Նոյեմբերի 21-ին միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստանի թանգարաններ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» թեմային:
Նամականիշների վրա պատկերված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը, ինչպես նաև՝ հատվածներ թանգարանի մշտական ցուցադրությունից:
Նույն օրը ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բացում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Աննախադեպ այս միջազգային ցուցադրությանն իրենց հավաքածուներն են ներկայացրել շուրջ 40 մասնակիցներ Հայաստանի Հանրապետությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Արգենտինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայից և Ուկրաինայից:
Ցուցադրության կազմակերպիչներն են Հայաստանի ֆիլատելիստների միությունը, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը, «Հայփոստ» ՓԲԸ-ն: Ցուցահանդեսի նպատակն է ֆիլատելիայի միջոցով իրազեկել ցեղասպանությունների, դրանց հետևանքների վերացման ու կանխարգելման անհրաժեշտության մասին, ֆիլատելիայի միջոցով հայ և օտարազգի լսարաններին ծանոթացնել համաշխարհային պատմության այս ողբերգական էջի հետ:
«Սա զուտ ֆիլատելիստական ցուցադրություն չի միայն: Այն կոչված է վերստին անդրադառնալու Հայոց ցեղասպանությանը և ընդհանրապես բոլոր ցեղասպանություններին, մարդկության դեմ գործված հանցագործություննների թեմային՝ որպես կոչ, ուղերձ՝ դրանք դատապարտելու և կանխարգելելու համար: Սա իր բնույթով եզակի և աննախադեպ է, որովհետև ֆիլատելիայի միջոցով, ֆիլատելիայի լեզվով մենք անդրադառնում ենք այս ծանրագույն հանցագործությանը և այս ձևաչափով փորձում ենք իրազեկության որոշակի դաշտ ապահովել», -ասաց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
ՀՑԹԻ տնօրենը հիշեցրեց՝ հարյուր տարի առաջ ֆիլատելիան մարդասիրական նախաձեռնությունների որոշակի մաս է կազմել: 1916-18 թվականների առաջին, ոչ փոստային, բայց ֆիլատելիստական համարվող թողարկումները նպաստել են ցեղասպանությունը վերապրածների համար դրամահավաքներ, հանգանակություններ կազմակերպելու գործում: Թանգարանի մշտական ցուցադրությունում այժմ կան մի քանի հազվագյուտ բնօրինակ նմուշներ:
Ցուցադրությունը բաց է լինելու նոյեմբերի 21-24ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում, իսկ նոյեմբերի 25-27-ը՝ ՑԻՏԱԴԵԼ բիզնես կենտրոնում:
Ցուցահանդեսի հանդիսավոր փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին՝ ՑԻՏԱԴԵԼ բիզնես կենտրոնում: