21.11.2017
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը և հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Բելառուսից ժամանած պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցանմուշներին, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Բոլեսլավ Պիրշտուկն իր գրառման մեջ շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմին՝ կատարած ահռելի աշխատանքի համար և նշել.
«Այն, ինչ տեսանք ու լսեցինք, իհարկե, չի տեղավորվում նորմալ մարդու ուղեղում և դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր նման բան պատահել: Ոչնչացվել են խաղաղ ու անմեղ մարդիկ, ովքեր ցանկացել են ապրել իրենց հարազատ հողում»:
Նա հույս է հայտնել, որ պատմական ճշմարտությունը կվերականգնվի: