21.11.2017
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում պահվող` Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ փաստաթղթերին ծանոթանալու նպատակով Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանը ս.թ. նոյեմբերի 6-16-ին գտնվել է Երուսաղեմ քաղաքում։
1923 թ. Լոզանի պայմանագրի կնքումից հետո բրիտանական և ֆրանսիական զորքերը թողեցին Կ. Պոլիսը քեմալականներին։ Նրանց հետ Թուրքիայից ստիպված էր հեռանալ Պոլսո գործող պատրիարք Զավեն արքեպիսկոպոս Եղիայանը, ով իր հետ վերցրեց Պատրիարքարանի՝ 1912-1922 թթ. գործունեությանը վերաբերող փաստաթղթերը։ Զավեն պատրիարքի արխիվը ի վերջո հանգրվանեց Երուսաղեմում, որտեղ գտնվում է առ այսօր։ Արխիվը պարունակում է Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների, մասնավորապես` Մեծ եղեռնի նախօրյակին և Առաջին աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո Հայկական հարցի շուրջ տարվող բանակցությունների, Մեծ եղեռնի նախօրյակին արևմտահայության թվաքանակի, թուրք ջարդարար–ոճրագործների ինքնության, Հայոց պատրիարքարանի որբահավաք և ողբախնամ գործունեության, 1919-1922 թթ. արևմտահայության կացության վերաբերյալ հսկայածավալ փաստագրական նյութ, որի գերակշիռ մասը դեռևս չի դրված գիտական շրջանառության մեջ։
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի աշխատակիցը հնարավորություն ստացավ ծանոթանալ պահվող փաստաթղթերի հիմնական ծավալին, անհրաժեշտության դեպքում` լուսանկարել տարբեր փաստաթղթերի նմուշներ։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Զավեն պատրիարքի արխիվի ուսումնասիրության արդյունքում հավաքված նյութերը հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ֆոնդեր։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում պահվող Զավեն Եղիայանի արխիվի փաստաթղթերից մեկը`
1919 թ. Կ. Պոլսի պատրիարքարանի կողմից հայկական թեմեր ուղարկված հարցարան