22.04.2016
Այսօր՝ ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՑԹԻ տնօրինության մամուլի ասուլիսը: Ամփոփվեց թանգարանի անցած մեկ տարվա գործունեությունը, ներկայացվեցին ՀՑԹԻ գրանորությունները:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց արդեն իրագործված և ընթացիկ ծրագրերը: Այս տարի Ռիգայում և Փարիզում բացվելու են Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ: Ռիգայում կլինի մշտական ցուցադրություն՝ արդեն երրորդը Հայոց ցեղասպանության թանգարանից և Բեյրութի ցուցադրությունից հետո:
ՀՑԹԻ տնօրեն անդրադարձավ գիտահրատարակչական նախագծերին: Մասնավորապես, ՀՑԹԻ տնօրենը կարևորեց նախապատրաստական փուլում գտնվող Հայոց ցեղասպանության հանրագիտարան պատրաստելու նախագծին, որի հրատարակումը սպասվում է այս տարի:
Հայկ Դեմոյանը լրագրողներին ներկայացրեց նաև տպարանից հենց նոր դուրս եկած ՛՛Ավրորայի ճանապարհը՝ հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսական՛՛ գիրքը: Հայկ Դեմոյանի և Լուսինե Աբրահամյանի համահեղինակությամբ՝ գիրքը լույս է տեսել անգլերեն: Այն պատմում է Ավրորա Մարդիգանյանի անցած երկար ու արտառոց ճանապարհի մասին: ՀՑԹԻ տնօրենը պատմեց ցեղասպանությունը վերապրած խիզախ հայուհու արխիվը, նրան պատկանող անձնական իրերը գտնելու, հավաքելու և գիտական ուսումնասիրության նյութ դարձնելու երկարամյա պատմությունը:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրեց ցեղասպանագիտական միջազգային երկու հանդեսների նոր համարները, որոնցում տպագրվել են հայ և օտարերկրացի հեղինակների հոդվածներ: Սուրեն Մանուկյանը շեշտեց գիտական համագործակցության, հատկապես Հայաստանից դուրս գիտական դաշտում ակտիվ լինելու կարևորության հանգամանքը:
Հանդիպման ավարտից առաջ ներկայացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պատրաստված հայեցակարգային փաստաթուղթ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները կանխարգելելու հրատապության շուրջ:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
ՀՑԹԻ հայտարարությունը
1948թ. ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման ու դրա համար պատժի կոնվենցիայի ընդունումից հետո աշխարհի տարբեր անկյուններում գրանցվել են ցեղասպանական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, որոնց արդյունքում դաժանաբար սպանվել և իրենց հայրենի բնակավայրերից արտաքսվել են տասնյակ միլիոնավոր մարդիկ: Ցավոք սրտի, մինչ օրս, բացի ցեղասպանական հանցագործություններ իրականացրած մի քանի անձանց պատասխանատվության ենթարկելու դեպքերից, ՄԱԿ-ի այս բանաձևի հույժ կարևոր մեկ այլ դրույթը, այն է՝ ցեղասպանությունների կանխարգելումը, տակավին որևէ արդյունք չի տվել: Արդյունքում մեր օրերում մարդկությունը բախվում է ցեղապանությունների հետևանքների ու դրանց հաղթահարման հիմնախնդիրների հետ:
2016 թ. ապրիլի առաջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին, որոնք իրենց բնույթով ու ծավալով աննախադեպ էին 1994թ. հաստատված հրադադարից հետո: Իր այս քայլով Ադրբեջանի ղեկավարությունը, փաստորեն, ի ցույց դրեց ղարաբաղյան հակամարտությունը միմիայն ռազմական ճանապարհով լուծելու վճռականությունը:
Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից, ի խախտումն միջազգային պայմանագրերի, խաղաղ բնակավայրերի դեմ կիրառվեցին հրթիռահրետանային կայանքներ ու այլ զինատեսակներ: Հայկական գյուղեր ներթափանցելով՝ ադրբեջանական հատուկջոկատայինները դաժան հաշվեհարդար տեսան խաղաղ բնակիչների, ի մասնավորի տարեցների հետ: Խոշտանգման ու քստմնելի գործողությունների թիրախ դարձան նաև գերության մեջ հայտնված հայ զինվորները: Այս փաստերի հետ կապված տարվում են փաստահավաք աշխատանք:
Վերջին քսանհինգ տարիների ընթացքում Ադրբեջանի սովետական շրջանի և ներկայիս ղեկավարությունը բնավ չեն թաքցրել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների հայ բնակչության դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու իրենց նպատակադրությունը:
Այդպիսի գործողություններից են հանդիսացել.
- 1988-1990թթ. ընթացքում հայ ազգաբնակչության կոտորածներն ու նրանց ունեցվածքի ոչնչացումն ու յուրացումը Ադրբեջանի քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքվում: Այս հանցագործություններն իրականացրած անձինք մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել:
- 1991թ. խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից իրականացված “Կոլցո” գործողությունը, որի ընթացքում հայաթափվեցին տասնյակ հայկական գյուղեր, որոնց բնակչությունը ենթարկվեց բռնագաղթի, հազարավոր մարդիկ դարձան փախստականներ:
- ԼՂՀ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումն ու հրետակոծումը, ինչպես նաև՝ օդուժի կողմից հայկական բնակավայրերի օդային ռմբահարումները, այդ թվում կասետային ռումբերի միջոցով:
- Ադրբեջանի նախագահներն իրենց պաշտոնական հռետորաբանության մեջ բազմիցս հանդես են եկել ռազմամոլ հայտարարությամբ՝ բացեիբաց հայտարարելով, որ նպատակ ունեն հայ բնակչությունն արտաքսել իրենց բնակավայրերից և ռազմակալել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Այսպիսի հայտարարությունները պարունակում են ցեղասպանություն իրականացնելու ակնհայտ ծրագիր և նպատակադրություն, որի կանխարգելումը հրատապ հարց է դառնում միջազգային տարբեր ատյանների համար:
Ադրբեջանի՝ մեծ թափ ստացած սպառազինումը և արդիական զինատեսակների ձեռքբերումը ծանրակշիռ և նախորդ կետին լրացնող ևս մեկ կարևոր ապացույց է: Հարձակողական զենքերի ձեռքբերումը Ռուսաստանից, Թուրքիայից, Իսրայելից և այլ աղբյուրներից վկայում է Բաքվի՝ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հստակ ծրագրի մասին:
Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ ռազմական գործողությունների ծավալումը նոր ցեղասպանության իրականացման վտանգ է պարունակում, որի կանխարգելումը նոր հումանիտար աղետից ապահովագրելու հրատապություն ունի:
Հաշվի առնելով ադրբեջանական ղեկավարության անթաքույց ցեղասպանական ծրագրի իրագործման վտանգավորությունն ու դրա հետևանքները, հայկական զինուժը ներկա փուլում ստանձնել է ցեղասպանության կանխարգելման պատասխանատվությունը և իրականացնում է Ադրբեջանի ռազմամոլ ու ագրեսիվ նկրտումների զսպման քաղաքականություն:
Անհրաժեշտ է ՄԱԿ-ի կողմից նախօրոք ստեղծել Ադրբեջանի կողմից հավանական ցեղասպանության կանխարգելման աշխատանքային և մշտադիտարկման խումբ և մշակել պարտադիր գործողությունների ծրագիր՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվելիք նոր ցեղասպանական ծրագրի վտանգը նվազեցնելու համար: