22.04.2016
Ապրիլի 22-ին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, իշխող կոալիցիայի մաս կազմող ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ դոկտ Քրիստոֆ Բերգներն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Դոկտոր Բերգները ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ ծաղկեպսակ զետեղեցին հուշահամալիրի մոտ, հավերժական կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը գերմանացի հյուրերին համառոտ պատմեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, ներկայացրեց կառույցի խորհրդանշական բացատրությունը: Այնուհետև, դոկտոր Բերգերն ու դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շրջեցին թանգարանի սրահներում, ծանոթացան Հայոց ցեղասպանության փաստերին ու դրվագներին:
Հրաժեշտից առաջ Սուրեն Մանուկյանը Քրիստոֆ Բերգերին նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925թթ.» գիրքը անգլերեն լեզվով:
Քրիստոֆ Բերգները Բունդեսթագի Հարավային Կովկասին երկրների հետ բարեկամության խմբի անդամ է: Միաժամանակ, որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ հանդիսանում է Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ զեկուցողը:
Ք. Բերգները Հայաստան է ժամանում տարածաշրջանային այցի շրջանակներում` նախապես այցելելով Ադրբեջան և Վրաստան:
Դոկտոր Բերգները Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ 2005թ. Գերմանիայի Բունդեսթագում ընդունված բանաձևի նախաձեռնողներից է: