22.04.2021
Դոկտոր Իվան Կաստանիագան, ով 2017 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Լեմկինի կրթաթոշակառուն էր, Կոմիտաս Վարդապետին վերաբերող փաստաթղթեր է գտել Իսպանիայի ազգային արխիվում:
Արխիվում հայտնաբերված դիվանագիտական նամակները տեղեկություններ են հաղորդում Հայոց ցեղասպանության մասին, ինչը հստակ ցույց է տալիս, որ Իսպանիան տեղեկացված է եղել Օսմանյան կառավարության կողմից հայերի դեմ իրականացվող կոտորածների և տեղահանությունների մասին: Ավելին՝ Կոստանդնուպոլսում իսպանացի դիվանագետները փորձել են փրկել Կոմիտաս Վարդապետին: Կոմիտաս Վարդապետի ընկերներից մեկը դիմել է Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ին՝ խնդրելով միջամտություն ցուցաբերելու այդ հարցում:
Իսպանիան դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իվան Կաստանիագան լիահույս է, որ «այս փաստաթղթերը կարող են փոխել Իսպանիայի կառավարության և քաղաքական գործիչների կարծիքը, և նրանք որպես բարոյականության և ժողովրդավարության դրսևորում կարող են ճանաչել Ցեղասպանությունը: Չճանաչելը ժխտողականության հոմանիշն է»:
Իվան Կաստանիագայի շնորհիվ և Իսպանիայի կրթության նախարարության թույլտվությամբ՝ այդ փաստաթղթերը հետազոտողներին հասանելի կլինեն ՀՑԹԻ կայքում: