22.04.2023
Ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՑԹԻ նոր հրատարակությունների՝ ութ գրքի և երկու ամսագրի շնորհանդեսը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ աշխատությունները բոլորը Հայոց ցեղասպանության մասին են՝ վերապրողների հուշագրություններ, վկայություններ, Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաներին թուրքացնելու քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություններ:
«ՀՑԹԻ կողմից հրատարակվող International Journal of Armenian Genocide Studies անգլալեզու գիտական պարբերականի 2022 թ. երկրորդ համարն ամբողջությամբ նվիրված է Արցախյան հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանական քաղաքականությանը: Այս հրատարակություն կարևորվում է հենց այս պատճառով, որ Արցախյան հիմնահարցը մատչելի լեզվով հասանելի է դառնում օտարազգի լայն հանրությանը»,- ավելացրեց նա:
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ այս հրատարակությունները թանգարանի գիտաշխատողների 2022 թվականի գիտական արդյունքների ամփոփումն են ներկայացնում:
Շնորհանդեսին ներկա էին նաև ՀՑԹԻ կողմից հրատարակված հուշագրությունների հեղինակների ժառանգները, նրանք հնարավորություն ունեցան իրենց խոսքն ասելու և ներկայացնելու իրենց մեծերի կյանքի փորձությունները:
Շնորհանդեսին ներկայացված հրատարակություններն են.
Սերոբ-Սրապ Մխիթարյան, «Մեր գյուղի պատմությունը», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Քրիստինե Նաջարյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 5, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2021),
Արտաշես Խաչատրյան, «Հուշեր», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյան, Լևոն Աշպահյան, «Իմ կյանքի մասին», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Նարինե Հակոբյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 6, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022),
Aram Mantashyan, Aram Could Not Be Seito, խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռեգինա Գալուստյան, Sokrat Mkrtchyan, Memoirs, խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 7, (Yerevan, Armenian Genocide Museum-Institute Foundation, 2022),
Գառնիկ Կ. Պօտուռեան, «Տարագրի յուշեր 1915-1917», խմբագիր, յառաջաբանի եւ ծանօթագրութիւններու հեղինակ՝ Միհրան Ա. Մինասեան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 8, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022),
Միքայել Բարթիկյան, «Արնաշաղախ Իզմիրը» և Օհանես (Օննիկ) Ղազերյան, «Կենսագրական նօթեր», խմբագիր, առաջաբանների և ծանոթագրությունների հեղինակ՝ Թեհմինե Մարտոյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 9, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022),
«Հալեպի փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն», Էդիտա Գզոյան, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2021),
Zabel Yesayan, Murad’s Journey: From Sivas to Batum, անգլերեն թարգմանությունը՝ Արա Ստեփան Մելքոնյանի, (Yerevan, Armenian Genocide Museum-Institute Foundation, 2022),
«Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին», հեղինակներ՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյան, Ռեգինա Գալուստյան, պ.գ.թ. Շուշան Խաչատրյան, բ.գ.թ. Էլինա Միրզոյան, նախաբանը՝ պ.գ.թ. Նարինե Մարգարյան, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022),
Ընթերցողների դատին հանձնվեց նաև «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի 2022 թ. առաջին և երկրորդ համարները, ինչպես նաև “International Journal of Armenian Genocide Studies” 2022 թ. առաջին և երկրորդ համարները, վերջինս ամբողջությամբ նվիրված է Արցախի հիմնախնդրին: