22.05.2024
Բանախոս՝ Գոհար Խանումյան, ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ
Թեմա՝ Փրկության առաքելություն. մեկ հայ` մեկ ոսկի
Դպրոց՝ Երևանի թիվ 156 հիմնական դպրոց, 8-րդ դասարան
Մայիսի 22-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2024 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի թիվ 156 հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանի «Փրկության առաքելություն. մեկ հայ` մեկ ոսկի » վերնագրով դասախոսությունը:
Գոհար Խանումյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության գործադրման տարիներին կյանքի կոչված մի աննախադեպ առաքելությանը, որը հայտնի է որբահավաք/հայահավաք անուն(ներ)ով։ Այն սկսվեց Արևմտյան Հայաստանի՝ 1916-1917 թվականներին ռուսական զորքերի ազատագրած տարածքներից՝ հետագայում տարածվելով Օսմանյան կայսրության գրեթե բոլոր հատվածներում: Որբահավաք առաքելության հենց սկզբում ձևավորվեց «մեկ հայ-մեկ ոսկի» կարգախոսը, որը կարճ ժամանակահատվածում վերաճեց համահայկական փրկության ծրագրի: Այն նպատակ ուներ փրկել ֆիզիկական ոչնչացման և ուծացման եզրին կանգնած հայության բեկորներին: Կարգախոսը առաջին անգամ շրջանառության մեջ դրեց հայ ազատագարական շարժման նշանավոր գործիչ, հայդուկապետ Սեբաստացի Մուրադը Երզնկայում, 1916 թ. ամռանը: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Երևանի թիվ 156 հիմնական դպրոցի գրադարանին: