Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունենացավ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ հրատարակված Ժորժ Բրեզոլ. «Այստեղով թուրքերն են անցել...» (ֆրանսերեն), Ֆերիման Դաքետ. «Երիտթուրքերն և Հոլոքոստը Ադանայում» (անգլերեն), Ա. Ադոսիդես. «Հայեր և երիտթուրքեր. կիլիկիայի կոտորածները» (ֆրանսերեն) գրքերի շնորհանդեսը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև ավանդույթ դարձած համագործակցության արդյունքում ՀՑԹՒ հավաքածուն հարստացել է նորանոր արժեքավոր թանգարանային միավորներով:
Ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ վերջին վեց ամիսների ընթացքում ձեռք են բերվել եզակի թանգարանային միավորներ`
• Արևմտյան Հայաստանի պատկերներով և հայկական թեմաներով հնատիպ բացիկների հավաքածու,
• Հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականություն,
• Մեծ Եղեռնը վերապրած հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին պատմական վավերագրեր,
• Հայ գաղթականներին պատկերող բնօրինակ լուսանկարներ,
• Մինչև Ցեղասպանությունը արևմտահայ կյանքին վերաբերող իրեր, նամակներ, նամականիշներ, հայտնի հայկական ընտանիքների լուսանկարներ և այլն,
• Ցուցադրական կարևոր նշանակություն ունեցող հնատիպ թերթեր:
Վերոհիշյալ թանգարանային արժեքների ձեռքբերումը խիստ կարևոր է թանգարանի մշտական ցուցադրությունը հարստացնելու և նոր ցուցադրություններ կազմակերպելու համար: Մասնավորապես ՀՑԹԻ Ռալֆ Յիրիկյանի անվանական հավաքածուի նյութերն արդեն ներառնվել են «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» թեմայով ժամանակավոր ցուցադրության մեջ:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործադիր տնօրենի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2010-2011թթ. ընթացքում լույս ընծայեց «Կիլիկյան» մատենաշարի երեք հատորները, որոնք ներկայացնում են 1909թ. Ադանայի կոտորածների մասին կարևոր օտար սկզբնաղբյուրներ:
Այդ հրատարակություններն են`
• Ժորժ Բրեզոլ. «Այստեղով թուրքերն են անցել... » ֆրանսերեն
• Ֆերիման Դաքետ. «Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոստը Ադանայում» անգլերեն
• Ալեքսանդր Ադոսիդես. «Հայեր և երիտթուրքեր. Կիլիկիայի կոտորածները» ֆրանսերեն
Այս սկզբնաղբյուրային նշանակության մենագրությունները վաղուց վերածվել են բիբլիոգրաֆիկ հազվագյուտ միավորների, ուստի անհրաժեշտություն էր առաջացել դրանք վերահրատարակել և կրկին շրջանառության մեջ դնել:
Հարկ է նշել, որ Ռալֆ Յիրիկյանի մեկենասությամբ ձեռք բերված հնատիպ գրականությունն ըստ արժանվույն կներկայացվի Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շարքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպվելիք «Գիրքը որպես ցեղասպանության վկայարան» ցուցադրության ժամանակ, որը կմեկնարկի 2012թ. ապրիլի 23-ին:
Հարկ է նշել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին` որպես երախտիք վերջինիս կատարած անշահախնդիր նվիրատվությունների համար, հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին և բարերարներին տրվող Ոսկե մեդալ: