22.07.2015
Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ հուլիսի 20-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Եվրոպական խորհրդի նախագահն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ ցուցադրվող նյութերին։
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հանձնեց թանգարան –ինստիտուտի վերջին հրատարակություններից: