22.09.2015
Սեպտեմբերի 22-ին Հաագայի քաղաքապետարանի «Ատրիում» սրահում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հերթական ժամանակավոր ցուցադրությունը:
Սա այս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից Եվրոպայում ներկայացված թվով 30-րդ ցուցադրությունն է:
Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը կրում է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագիրը, կազմակերպվել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության կողմից: Ցուցահանդեսը ներկայացնում է համաշխարհային մամուլի անդրադարձերը համիդյան կոտորածներին, 20-րդ դարասկզբի հայկական ջարդերին ու Ցեղասպանությանը` դրա հետևանքներով ու մարդկային ճակատագրերով հանդերձ: Ցուցահանդեսում տեղ են գտնել նաև հոլանդական մամուլի առաջաբան էջերի լուսաբանումները, որը հոլանդական հասարակությանը կծանոթացնի մեկդարյա վաղեմության նյութերին ու հասարակական վերաբերմունքին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին:
Ցուցահանդեսը գործելու է սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 9-ը: