ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ռուսաց լեզվի ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ պարգևատրվել է երկարամյա նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:
Աստղիկ Եդիգարյանը ծնվել է 1939 թ. օգոստոսի 7-ին Երևանում: Հայոց ցեղասպանության թանգարանում սկսել է աշխատել 1996 թվականից: ՀՑԹԻ առաջին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի կողմից ստորագրված հրամանագրում գրված է. «Աստղիկ Փառնակի Եդիգարյանին ս.թ. օգոստոսի 27-ից ընդունել աշխատանքի Հայոց ցեղասպանության թանգարանի գիտացուցադրական բաժնում որպես էքսկուրսավար՝ աշխատավարձը 5400 դրամ»:
Այդ օրվանից սկսած, ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի երբեմնի շրջանավարտն արդեն 25 տարի, նվիրվում է իր աշխատանքին.
«Սա պարզապես աշխատանք չէ, սա առաքելություն է»,- նշում է տիկին Աստղիկը:
2007 թ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը տիկին Աստղիկին պարգևատրել է հոբելյանական ոսկե հուշամեդալով՝ երկար տարիների նվիրված աշխատանքի համար:
ՀՀ ԱԺ ղեկավարության կողմից 2016 թ. մայիսին ՀՑԹԻ մի շարք աշխատակիցների հետ միասին պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման և Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար:
2019 թ. օգոստոսին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանն Աստղիկ Եդիգարյանին երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ պարգևատրեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով:
«Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ» հիմնադրամի ողջ անձնակազմը շնորհավորում է սիրելի գործընկերուհուն, մաղթում քաջառողջություն ու երկար տարիների կյանք:
Աստղիկ Եդիգարյանի մասին՝
http://www.genocide-museum.am/arm/22.08.2019-AstghikEdigaryan.php