22.11.2023
Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Իրաքի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև Հիշողության պուրակում պարոն Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը տնկեց արծաթափայլ եղևնի:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Իրաքի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով. «Հաստատում ենք, որ Հայոց ցեղասպանությունը մեր նոր ժամանակների առաջին ցեղասպանությունն է, որն ընկած է 1944 թ. «ցեղասպանություն» տերմինի ստեղծման հիմքում: Այն բարբարոսական միջոց էր հայ ժողովրդին բնաջնջելու խաղաղության և կամ պատերազմի ժամանակ: Դատապարտում ենք որևէ ժողովուրդի ցեղասպանության ենթարկելու փորձերը և շեշտում ենք մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: Հավիտենական հանգստություն զոհերի հոգիներին և զարգացում Հայաստանին»:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին արաբերեն գիրք: