22.02.2023
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին հյուրերը շրջեցին Հիշողության պուրակում, որտեղ պարոն Ժան Ասելբորնը ջրեց 2018 թ. մարտի 27-ին Ծիծեռնակաբերդ կատարած իր այցի ժամանակ տնկած եղևնին: