Հունվարի 23-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակությանը դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հուշապատի կառուցման պատմությունն ու խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Պարոն Բլոկը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը, մանրամասներ հաղորդեց Հայոց ցեղասպանության պատմությունից:
Թանգարանում կատարած շրջայցից հետո նախարար Ստեֆ Բլոկը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: