«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի իրավասության տակ գտնվող կանաչապատ տարածքը եղել և մնում է տնօրենության ու աշխատակազմի մշտական հոգածության ներքո. ժամանակին կազմակերպվում են խնամքի և պահպանման հնարավոր բոլոր միջոցառումները:
Շուրջ
98.8 հա կազմող զբոսայգու տարածքի կանաչապատման, բարեկարգման, խնամքի ու մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովվում է «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից: Նրանք են իրականացնում նաև հրդեհավտանգ տարածքների ոռոգման և խոտհնձի աշխատանքները՝ բարձրացնելով տարածքի հակահրդեհային ապահովության մակարդակը:
Կարևոր է նշել, որ չնայած սուղ մարդկային ու ֆինանսական միջոցներին` ՀՑԹԻ բանվորական կազմը կարողանում է շուրջօրյա նվիրված աշխատանքի շնորհիվ պահպանել տարածքի բարեխնամ վիճակը։ Միայն 2020 թ. տնկվել է 127 մշտադալար գիհի տեսակի ծառ՝ ապահովելով 100 տոկոս կպչողականություն: Իրականացվել են 200 կանաչ եղևնիների տնկման աշխատանքներ: ՀՑԹԻ տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանի փոխանցմամբ, «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու աշխատակիցների աշխատանքն 2021 թ. ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեռք են բերվել մի շարք գյուղատնտեսական գործիքներ և սարքավորումներ, ինչպես նաև առաջին անգամ բանվորական ամառային և ձմեռային արտահագուստ:
Նրանց խնամքի տակ է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում գտնվող Հիշողության պուրակը, որը հիմնադրվել է դեռևս 1997 թ.: Պուրակում եղևնիների տնկումը ավանդույթ է դարձել և ունի յուրօրինակ խորհուրդ, ինչով պայմանավորված, Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած աշխարհի բազմաթիվ երկրների հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, միջազգային կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեծավաստակ գիտնականներ ու մշակույթի գործիչներ, բարերարներ և այլք տնկում են իրենց անվանական եղևնին: