23.01.2025
Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների (Nordic-Baltic-8) խորհրդարանների ներկայացուցիչները՝ Նորվեգիայի Թագավորության, Ֆինլանդիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության խորհրդարանների նախագահներ, ինչպես նաև Շվեդիայի Թագավորության, Լիտվայի Հանրապետության և Դանիայի Թագավորության խորհրդարանների փոխնախագահներ` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ, 2025թ. հունվարի 23-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների պատվիրակության անդամները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին կրակի շուրջ` մեկ րոպե լռությամբ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը հյուրին ուղեկցեց նաև Հուշապատի մոտ, որի հետնամասում՝ հատուկ խորշերի մեջ, ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հայերի դեմ թուրքական կառավարության իրագործած կոտորածներին և ցեղասպանությանն ընդդեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հուշապատի մեջ, ի թիվս այլոց, ամփոփված են Հայոց ցեղասպանությունը վավերագրելու, բարձրաձայնելու և հազարավոր հայերի փրկելու գործում մեծ դերակատար եղած նորվեգացի (Ֆրիտյոֆ Նանսեն, Բյոդիլ Բյորն), դանիացի (Քարեն Յեփփե, Մարիա Յակոբսեն), շվեդ (Ալմա Յոհանսեն) ու էստոնացի (Հեդվիգ Բյուլ) մարդասերների գերեզմաններից վերցրած հող և նրանց անվանական հուշատախտակներ` ի նշան հայ ժողովրդի երախտագիտության: