23.02.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Երկու երկրների պաշտոնյաները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Ռենատաս Պոժելան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից: