23.02.2023
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ հրատարակվող «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական՝ 9-րդ հատորը:
Գրքում ընդգրկված են Միքայել Բարթիկյանի «Արնաշաղախ Իզմիրը» և Օհանես (Օննիկ) Ղազերյանի «Կենսագրական նօթեր» անտիպ հուշագրությունները (խմբագիր, առաջաբանների և ծանոթագրությունների հեղինակ՝ Թեհմինե Մարտոյան):
«Արնաշաղախ Իզմիրը» հուշագրությունը Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջման, քաղաքի հրկիզման և տարագրության մասին Միքայել Բարթիկյանի (1887-1968) վկայությունն է: Ժամանակի իրողությունները, հասարակական-քաղաքական և գաղափարական բախումները (Օսմանյան պետությունից մինչև Հունաստան, ապա՝ Խորհրդային Հայաստան) Բարթիկյանը ներկայացնում է ոչ միայն որպես ականատես-վերապրող, այլև քաղաքական անցուդարձը խորապես ըմբռնող անձ: Բարթիկյանի հուշապատումն ընդհանուր առմամբ 24 տարվա պատմություն է (1922-1946), թեև կան ավելի վաղ շրջանի տեղեկություններ: Հուշագրությունն ինչպես Օսմանյան պետության, այնպես էլ Հայաստանի ու Հունաստանի տվյալ ժամանակաշրջանի պատմության կարևոր սկզբնաղբյուր է:
«Կենսագրական նօթեր» հուշագրությունը Օհանես (Օննիկ) Ղազերյանի (1897-1969) պատմությունն է՝ մանկությունը, ընտանեկան կյանքը հայկական միջավայրում, հարկադիր ծառայությունն օսմանյան բանակում (1915-1919), որտեղ ապրել է ողջ ողբերգությունը, անցել փորձություններով, առերեսվել հայ ժողովրդի եղերական ճակատագրին: Ղազերյանն իր բազմանդամ ընտանիքի հերոսական պատմության օրինակով ընթերցողին է փոխանցում կյանքի իր փորձառությունը, Զմյուռնիայում վերաբնակվելու շարժառիթներն ու հետևանքները: Հուշագրությունը շարադրված է պատմական ակնարկի տեսքով՝ Օսմանյան պետության քաղաքական իրավիճակից մինչև Զմյուռնիայի կործանումը: Անդրադարձ կա նաև օսմանյան սահմանադրությանը և Առաջին աշխարհամարտին։
Թեհմինե Մարտոյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող