23.03.2015
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մասնակցեց մարտի 20-23-ը կայացած Փարիզի 35-րդ գրքի միջազգային սալոնին (Salon du livre): Այս հեղինակավոր միջազգային հարթակին ՀՑԹԻ-ն ներկայացրեց իր լավագույն հրատարակությունները, որոնք անտարբեր չթողեցին օտարազգի ընթերցողին:
Չորս օր շարունակ աշխարհի 50 երկրների պատվիրակություններ ներկայացնում էին իրենց մշակույթը ու գրականությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին հազարավոր գրականագետներ, գրողներ, թարգմանիչներ, գիտնականներ և հրատարակիչներ: Ցուցասրահ էր այցելել նաև Ֆրանսիայի Նախագահը և մշակույթի նախարարը:
Փարիզի գրքի տոնավաճառն ամփոփվեց «Մտավորականության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում» խորագրով կլոր սեղան-քննարկմամբ, որին մասնակցում էին հայ և ֆրանսիացի մտավորականները, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, պատմաբաններ Ռայմոնդ-Հարություն Գևորգյանը, Միքայել Նիշանյանը, Իվ Տերնոնը, հոգեվերլուծաբան Ժանին Ալթունյանը, լրագրող Կայծ Մինասյանը և այլոք:
Տեղեկացնենք, որ Փարիզի գրքի միջազգային ցուցահանդես – վաճառքին Հայաստանը ներկայացնում էր ՀՀ մշակույթի նախարարությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Գրքի միջազգային սալոնին հայաստանյան տաղավարում առանձին շարքով ներկայացված էր Հայոց ցեղասպանությանը նվիրված Հայաստանում և արտերկրում տպագրված բազմալեզու գրականություն: