23.04.2022
Ապրիլի 23-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՑԹԻ պատկերասրահում բացվեց ֆրանսահայ նկարիչ, փորագրող Ժան-Պիեռ Սեֆերյանի «ԱՆԱՊԱՏԸ. ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԹ» ցուցահանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը: Ժան-Պիեռ Սեֆերյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանին, ինչպես նաև ՀՑԹԻ ողջ անձնակազմին: Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը:
Ժան-Պիեռ (Հարություն-Պետրոս) Սեֆերյանը ծնվել է Մարսելում 1954-ի հունվարի 10-ին: Հայրը՝ ծագումով Սեբաստիայից, մայրը՝ Անկարայից, Ֆրանսիա են գաղթել 1925-ին: Հաստատվելով Փարիզի մոտակա Իսի լե Մուլինո արվարձանում՝ Ժան-Պիեռ Սեֆերյանը 18 տարեկանում որոշում է մասնագիտանալ գրաֆիկական արվեստի և գովազդի մեջ: Սկսում է աշխատել արվեստանոցներում, գովազդային գործակալություններում և զուգահեռաբար ավարտում է նկարչի կրթությունը Փարիզի կիրառական արվեստների դպրոցում (երեկոյան դասընթացներ, 1975), նկարչական տեխնիկայի ուսումը Գեղարվեստի դպրոցում (1976):
Մասնակցելով նկարիչների ամենամյա ցուցահանդեսներին՝ վարպետը ստացել է շուրջ երեսուն մրցանակ և մեդալ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում (Կորեա, Ճապոնիա, Չինաստան, ԱՄՆ, Հայաստան): 2008-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվում է նկարչի «Գորշ անախրոնիզմ» շարքի աշխատանքներով անհատական ցուցահանդեսը: Ժան-Պիեռ Սեֆերյանը ստեղծագործում է հայաստանյան տարբեր թեմաներով՝ ոգեշնչվելով 2005-ին Հայաստան կատարած առաջին այցից: Ժան-Պիեռ Սեֆերյանը նաև Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված «Խաչքարերը մտնում են Լուվր» վավերագրական ֆիլմի (2007) համահեղինակն է: Այն լայնորեն հեռարձակվել է ԱՊՀ բոլոր երկրների ազգային հեռուստատեսություններով։
2009-ին Ժան-Պիեռ Սեֆերյանը սկսում է «Մահվան քայլերթի» թեմատիկայով փորագրական աշխատանքը մետաղի վրա, որը դառնալու էր «Անապատ» շարքի (2015) հիմքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Նույն տարում նկարիչը ներկայացել է 8 անհատական և 7 կոլեկտիվ ցուցահանդեսներով։ Այնուհետև պատրաստել է մի շարք փորագրանկարների անհատական ցուցահանդես (Անապատ II)՝ ի հիշատակ «մահվան քայլերթը» վերապրողների:
Ժան-Պիեռ Սեֆերյանի փորագրանկարների շարքը լուսաբանում է Հայոց ցեղասպանության իրագործման փուլերից մեկը՝ մահվան քայլերթը: Այն մեզ տանում է սարսափի աշխարհ, որի դերակատարները զոհերն են՝ կանայք, երեխաներ, ծերեր, որ ճանապարհներին են հայտնվել իրենց բնաջնջելու հանցավոր քաղաքականության հետևանքով:
Պատկերասրահը, որտեղ սովորաբար ցուցադրվում են ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի 1915-ին նվիրված գործերը (նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին), այցելուներին եզակի հնարավորություն է ընձեռում դիտել, ինչպես հայելու մեջ, երկու վարպետների բացառիկ աշխատանքները, որոնք մեզ հետ խոսում են իրենց հզորությամբ և անսահման մարդկայնությամբ:
Ռայմոնդ Հարություն ԳԵՎՈՐԳՅԱՆ