23.04.2015
«Հրանտ Դինք» հիմնադրամի շրջանակներում Հայաստան ժամանած թուրք լրագրողներն այցելեցին օրերս վերաբացված Հայոց ցեղասպանության թանգարան:
Ազգությամբ թուրք լրագրողներին ընդունեց և Հայոց ցեղասպանության նոր թանգարանային ցուցադրությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Տասներկու սրահներից և հիսուն երկու խորագրերից կազմված ցուցադրությունը խորը տպավորություն թողեց ներկաների վրա: Էքսկուրսիայի ընթացքում ՀՑԹԻ տնօրենը թուրք լրագրողներին հնարավորություն տվեց տեսնել և լուսանկարել ցուցադրությունում տպագիր ձևով ներկայացված մի քանի փաստաթղթերի բնօրինակ տարբերակները՝ մասնավորապես օսմանյան բանակի հայազգի սպա Սարգիս Թորոսյանին ռազմական նախարար Էնվեր փաշայի կողմից շնորհված վկայականը և հայկական «լքյալ» գույքի բնագրավման օրենքներից մեկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը: Հանրության համար թանգարանը բաց կլինի ապրիլի 25-ից: