23.05.2014
Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտը ձեռք է բերել Հայոց ցեղասպանությանն ու դրա հետևանքներին առնչվող լուսանկարների բացառիկ և հարուստ հավաքածու:
Շուրջ 450 բնօրինակ լուսանկարների հավաքածուն Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտին նվիրատվության կարգով հանձնեցին հունահայ Խանիկյան ընտանիքի ժառանգները` կարևորելով Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումը և փոխանցումը սերունդներին:
Լուսանկարների հավաքածուն ներառում է Օսմանյան կայսրության, Հունաստանի, Եգիպտոսի, Սիրիայի որբանոցներին, որբերի կյանքին, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի որբախնամ գործունեությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության պատմության առանձին դրվագներին առնչվող լուսանկարներ: Լուսանկարների զգալի մասի դարձերեսին առկա են չափազանց կարևոր տեղեկություններ հաղորդող գրություններ:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին այս հավաքածուի ձեռքբերումը ոչ միայն խորհրդանշական, այլ նաև բացառիկ իրադարձություն է մեր թանգարանի համար, և այս լուսանկարներն իրենց ուրույն տեղը կգտնեն 2015 թվականի ապրիլին բացվող թանգարանային նոր ցուցադրությունում: Լուսանկարների մեջ իր կարևորությամբ առանձնանում է, իհարկե, երիտթուրք պարագլուխ Իսմայիլ Հաքքի բեյի` անգլիացի զինվորականների կողմից ձերբակալության լուսանկարի բնօրինակը»,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտն այս եզակի հավաքածուն ձեռք բերելու համար իր երախտագիտությունն է հայտնում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին:
1915թ. սեպտեմբերի սկզբներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հեռագրով դիմեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին, որում անհրաժեշտ էր համարում ստեղծել հատուկ կոմիտե` դրամահավաք կազմակերպելու և կոտորածներից փրկված հայերին աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար:
1915թ. հոկտեմբերի 1-ից կարիքավորների օգտին դրամահավաքի կազմակերպումն իրականացնում էր Հայկական նպաստամատույց հանձնախումբը (Armenian Relief Committee): Մինչ այդ Մերձավոր Արևելքում գործող երկու նմանատիպ կոմիտեները, միավորվելով Հայկական նպաստամատույց հանձնախմբին, ձևավորեցին «Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց» հանձնախումբը (American Committee for Armenian and Syrian Relief), որը 1919թ. օգոստոսի 6-ի Կոնգրեսի որոշմամբ վերանվանվում է «Մերձավոր Արևելքի Նպաստամատույց» (Near East Relief):
Հիմնվելով որպես ժամանակավոր կոմիտե` Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը վերածվեց խոշոր մի կազմակերպության, որը սկզբնապես նպատակ ուներ հանգանակել 100.000 դոլար, սակայն գործունեության տասնհինգ տարիների ընթացքում այս կազմակերպությունն ավելի քան 110 միլիոն դոլարի ներդրում իրականացրեց գաղթականների ու որբերի փրկության գործում: Այդ մարդասիրական առաքելությունն իրականացվում էր ամերիկյան գործիչների և միսիոներների կողմից Կովկասում, Մերձավոր Արևելքում և Բալկաններում: